Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով մինչեւ հինգի: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից, փոխանցում է «Ինտերֆաքսը»: Զոհվածների թվում կա մեկ երեխա, տղամարդ եւ երեք կին: ՔԿ տվյալներով՝ աճել է նաեւ տուժածների թիվը՝ հասնելով մինչեւ 32-ի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհ հետեւանքով զոհվել է 4 մարդ, իսկ կոնկրետ՝ երեք երեխա եւ մեկ կին, եւ կար 26 տուժած: ԱԻՆ-ից հայտնել են, որ անհայտ կորել է 17 մարդ: Գերատեսչությունից նշել են, որ ազգականները նրանց հետ կապ հաստատել չեն կարողանում, եւ նրանք կարող էին գտնվել այրված առեւտրի կենտրոնի շենքում:

Հրդեհը բռնկվել է կիրակի՝ մարտի 25-ին: Նախնական վարկածով՝ այն սկսվել է կինոթատրոնի դահլիճներից մեկում: Մակերեսը կազմել է 1,5 հազար քառ.մետր: Ներկայումս հրշեջները կրակը տեղայնացրել են շենքի 3-րդ եւ 4-րդ հարկերում, եւ հանգցնում են տանիքի կրակը: ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովը առեւտրի կենտրոնի իրավիճակի հետ կապված Կեմերովոյի մարզի տարածքում արտակարգ դրության ռեժիմ է մտցրել:

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հրդեհի փաստով քրեական գործ է հարուցել 3 հոդվածով, այդ թվում՝ անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով: