Բարսելոնում Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնի ձերբակալության  դեմ դուրս եկած ցուցարարների եւ ոստիկանության բախման հետեւանքով առնվազն 92 մարդ է տուժել։ Այս մասին նշված է Կատալոնիայի բուժօգնության ծառայության թվիթերյան էջում։

Ավելի վաղ El Pais թերթը հայտնել էր, որ Բարսելոնի կենտրոնում կիրակի երեկոյան մի քանի հազար մարդ է դուրս եկել բողոքի ցույցի, ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական շրջափակումը, ինչպես նաեւ ոստիկանական մեքենաների վրա թիթեղյա տարաներ են նետել։ 

Բողոքի ցույցերից 4 ժամ անց՝ տեղական ժամանակով մոտ 22.00–ին իրավապահ մարմիններին հաջողվել է ցուցարարներին հեռացնել իսպանական կառավարության շենքից, ավելի ուշ ոստիկանները հայտնել են 9 ցուցարարների ձերբակալելու մասին։ Բողոքի ցույցեր են սկսվել նաեւ Կատալոնիայի մյուս քաղաքներում, որոնց թվում են Ժիրոնան եւ Տարագոնան։ Լեյդա քաղաքում ցուցարարները դուրս են եկել ավտոմայրուղի՝ արգելափակելով քաղաքի ելքն ու մուտքը։ 

Ծառայության տվյալներով, տեղական ժամանակով ժամը 01.00–ի դրությամբ բժշկական օգնություն է տրամադրվել 92 մարդու, նրանցից 23–ը Կատալոնիայի ոստիկանության աշխատակիցներ։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի Գերագույն դատարանը Իսպանիայից հեռացած Կատալոնիայի կատավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնին եւ եւս 4 քաղաքական գործիչներին ձերբակալելու եվրոպական օրդեր է արձակել։ Գործը կապված է հոկտեմբերին Կատալոնիայում իրականացված հանրաքվեի հետ։ Պուչդեմոնը հայտարարել էր, որ մտադիր է մնալ Բրյուսելում եւ չի կարող վերադառնալ Իսպանիա, քանի որ նրան անմիջապես կձերբակալեն։ 
Երկուշաբթի Պուչդեմոնը ձերբակալվել է Գերմանիայում, ներկայումս նա գնվում է Գերմանիայի Նոյմյունսթեր քաղաքի բանտում: Իսպանիայում Կատալոնիայի նախկին ղեկավարին առաջադրված են ապստամբության  կազմակերպման եւ պետական միջոցների վատնման մեղադրանքներ, առաջին մեղադրանքով նրան սպառնում է 30-ամյա բանտարկություն: