Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանն օտարերկրյա պետությունների ղեկավարներ եւ պաշտոնական պատվիրակություններ չեն հրավիրվել: Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց նորընտիր նախագահի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը:

Վերջինիս փոխանցմամբ, օտարերկրյա հյուրեր կլինեն, թե ովքեր, առայժմ չեն կարող հրապարակել, սակայն Մեծ Բրիտանիայի թագավորության արքայազն Չարլզը հրավիրյալների ցանկում չկա: Մինչդեռ, նկատենք, մամուլն ավելի վաղ գրել էր, թե Արմեն Սարգսյանը ցանկություն ունի, որպեսզի արտերկրից հրավիրվող պաշտոնյաների ցուցակը գլխավորի հենց արքայազն Չարլզը:

Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Ազգային ժողովի հատուկ նիստում: