Անկարան չի ընդունում Ֆրանսիայի  հնարավոր միջնորդությամբ «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) հետ երկխոսության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ 
«Մենք մերժում ենք Թուրքիայի եւ SDF տարածքային կազմավորման միջեւ «երկխոսության, շփումների եւ միջնորդության» լրջությունից հեռու այդ մոտեցումը»,–գրել է Կալինը թվիթերյան էջում։ 

Նրա խոսքով, SDF անվան տակ փորձում են օրինականացնել Քուրդիստանի բանվորական կուսակցությունը եւ դրա հետ կապված սիրիական քրդերի ինքնապաշտպանության ուժերին։ 

Մակրոնը նախօրեին հանդիպել էր «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) պատվիրակության հետ եւ հայտարարել Փարիզի կողմից նրանց աջակցության մասին՝ մասնավորապես, երկրի հյուսիս–արեւելքում իրավիճակի կայունացման համար։ Մակրոնը նաեւ հույս էր հայտնել Ֆրանսիայի միջնորդությամբ Թուրքիայի եւ «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) միջեւ հնարավոր երկխոսության հաստատման շուրջ։