Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցելու մասին համաձայնագիր են պատրաստել: Շատ հավանական է, որ այն այս տարի ընդունվի: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք բացահայտում ենք տարբեր տեսակի միգրանտների կողմից բազմաթիվ խախտումներ: 2017 թվականի արդյունքում միգրացիոն օրենսդրության 170.000-ից ավելի խախտում է արձանագրվել, անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով 44.673 եւ թրաֆիքինգի համար 119  քրեական գործ է հարուցվել», - ԱՊՀ-ում Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասել է նա:

Նրա խոսքով՝ 2006 թվականից ՀԱՊԿ երկրների «Անլեգալ»  գործողության շրջանակում ձերբակալվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող ավելի քան 3 հազար մարդ: «Հիմա մենք, համաձայն պետությունների ղեկավարների որոշման եւ հրահանգների, ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագիր ենք պատրաստել  անօրինական միգրացիայի դեմ պայքարում: Դրա ընդունման հավանականությունը շատ մեծ է», - շարունակել է Սեմերիկովը: Նա պատգամավորներին խնդրել է չձգձգել  ապագա համաձայնագրի վավերացումը: