Սյունիքի մարզի բնակչուհի Հասմիկ Սարգսյանը, ով իր ծանոթից գողացել է 10 հազար դրամ ու դատապարտվել 6,5 տարվա ազատազրկման, բազմիցս փորձել է աշխատանք գտնել՝ փողոցներ մաքրել, հավաքարարությամբ զբաղվել, բայց անգամ դա է մերժվել այն հիմնավորմամբ, որ դու հանցանք ես կատարել, փորձաշրջանում ես գտնվում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Նրա խոսքով, քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումների տրամաբանության շրջանակում դիտարկելու դեպքում, Հասմիկ Սարգսյանը մինչ այդ նույն արարքի համար 2015 եւ 2016 թվականներին դատապարտված է եղել. «Նրա նկատմամբ սահմանված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան, իսկ մենք գիտենք, որ եթե այդ փորձաշրջանի ժամանակ անձը հանցանք է կատարում, պայմանական պատիժ չկիրառելու  որոշումը վերացվում է եւ նոր պատժին գումարվում է նախորդ պատժաչափը:

Բայց ինձ համար զարմանալի էր, որ այդ տեսակետը պնդողներից մեկը փորձ անգամ չէր անում հասկանալու Հասմիկ Սարգսյանի նման քայլի պարբերաբար դիմելու շարժառիթները»,-նշեց փաստաբանը:

Նա նկատեց, որ Հասմիկ Սարգսյանը բազմիցս փորձել է նոր աշխատանք գտնել՝ փողոցներ մաքրել, հավաքարարությամբ զբաղվել, բայց դա էլ է մերժվել այն հիմնավորմամբ, որ դու հանցանք ես կատարել, փորձաշրջանում ես գտնվում. «Նրա երեխաները սովամահության եզրին են հայտնվել ու աշխատանք գտնել նրան չի հաջողվում: Այս դեպքում՝ գողությունը դատապարտելի լինել չի կարող, դա հանցանք դիտարկվել չի կարող:

Բոլոր քաղաքակիրթ երկրներում վաղուց այդ դատական պրակտիկան գործում է: Երբ մարդը գողություն է կատարում եւ պարզվում է, որ գողությունը կատարվել է սոված չլինելու, հացի խնդիր լուծելու նպատակով, դա հանցանք չի համարվում: Քաղաքակիրթ երկրներում մտածում են, որ ամենավատ մարդն անգամ սոված չպետք է լինի: Այստեղ Հասմիկ Սարգսյանի եւ նրա երեխաների գոյատեւման իրավունքը միարժեքորեն գերակայում է սեփականության իրավունքին»,-հայտարարեց Շուշանյանը:

Նրա խոսքով, պատժի նպատակը հստակ գրված է օրենքով, իսկ Հասմիկ Սարգսյանին 6,5 տարի ազատազրկելով պատժի նպատակին հասնելը պարզապես անհնար է, որովհտեւ հասմիկ Սարգսյանը չի կարող ուղղվել:

«Պետությունը որոշակի պարտավորություններ է կրում որոշակի սոցիալապես անապահով մարդկանց համար»,-ընդգծեց նա:

Նշենք, որ Հասմիկ պողոսյանը գողությունը կատարելիս խնամքին ունեցել է 3 անչափահաս երեխա, որդին էլ ծառայում է բանակում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի բնակչուհի Հասմիկ Սարգսյանը 3-րդ անգամ է կատարել նույնատիպ դիտավորյալ ծանր հանցագործություն, որի համար նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ հանցանքների համար նշանակված պատիժների չկրած մասը, եւ արդեն որպես վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 6 տարի 6 ամիս ժամկետով: