Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած պատվիրակությունն ապրիլի 4-ին այցելել է Փարիզում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն: Դեսպան Վիգեն Չիտեչյանի հետ կարճատեւ առանձնազրույցից հետո խորհրդարանի նախագահը հանդիպել է «Սատար Ղարաբաղին» ֆրանսիահայ միության անդամների հետ։

Աշոտ Ղուլյանը հանդես է եկել Ղարաբաղյան շարժման 30-ամյակի եւ այս տարիներին Արցախում պետականաշինության գործընթացի վերաբերյալ բանախոսությամբ՝ ընդգծելով անվտանգության ապահովման, արտաքին քաղաքականության եւ տնտեսական զարգացման ուղղությամբ ունեցած ձեռքբերումներն ու անելիքները։ «Արցախի ազատագրական շարժումը օգնեց, որպեսզի հայերը գտնեն իրենց ինքնությունը, հիմա էլ պետք է օգնել Արցախին, որպեսզի չկորցնենք այդ ինքնությունը»,-ամփոփել է Արցախի խորհրդարանի նախագահը։

Այնուհետեւ Աշոտ Ղուլյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների մի շարք հարցերին՝ կապված Արցախի տնտեսական ներուժի, միջազգային ճանաչման, Ֆրանսիայում արցախյան օրերին նվիրված միջոցառումների, ապակենտրոնացված համագործակցության արդյունավետության եւ արտահանման ու ներմուծման հետ կապված խնդիրներին։

Հանդիպմանը Արցախի խորհրդարանի նախագահը, Ֆրանսիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանին եւ պարգեւատրել Ղարաբաղյան շարժման 30 ամյակի հուշամեդալով։

Ապրիլի 5-ին Փարիզում նախատեսվում է հանդիպում  Ֆրանսիայի Սենատի  եւ Ազգային ժողովի պատգամավորների, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամների հետ։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 3-ից աշխատանքային այցով Ֆրանսիայում է: Պատվիրակության կազմում են խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը եւ Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը։