Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը հակադիր շահեր ունեն, սակայն այսօր այդ շահերը ինչ–որ կերպ համընկել են։ Այս մասին ապրիլի 7-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է  ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Սա, նրա խոսքով, կապված է Սիրիայում տիրող իրավիճակի եւ Արեւմուտքի հետ նրանց լարված հարաբերությունների հետ. «Այն, որ նրանց շահերը հակադիր են, վկայում է այն հանգամանքը, որ Ռուսաստանը հանդես է գալիս Բաշար Ասադի կողմից, իսկ Թուրքիան նրան չի ընդունում։ Այլ հարց է, որ այս ամենը որոշվում է սիրիական ժողովրդի մեջքի հետեւում եւ նրանց հաշվին»,–պարզաբանել է Կիրո Մանոյանը։

Միաժամանակ, նա նշել է, որ  չնայած հակասություններին, նրանց միավորում է Սիրիայում քրդական գործոնի ուժեղացման վտանգը, որոնջ աջակցություն է ցուցաբերում ԱՄՆ–ն, ինչպես նաեւ հենց ԱՄՆ–ի կողմից վարվող քաղաքականության փաստը։

Սրա հետ մեկտեղ, քաղաքագետը, հաշվի առնելով Թուրիայի հեռու գնացող ծրագրերը, կասկած է հայտնել այն հարցի շուրջ, թե Անկարան իր զորքերը դուրս կհանի Սիրիայի հյուսիսային շրջաններից։

Մանոյանը նաեւ նշել է, որ հայերի մասին Թուրքիայի հայտարարությունը եւս պետք է անհանգստություն առաջացնի, հատկապես եթե Ղամիշլիի շրջանում մարտական գործողությունները շարունակվում են, որը այժմ գտնվում է թուրքական զորքերի վերահսկողության ներքո։