Մոսկվան հուսով է, որ Թուրքիան կվերադարձնի Աֆրինը սիրիական կառավարության վերահսկողության տակ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախագահ Էրդողանը երբեք չի հայտարարել, որ Թուրքիան ցանկանում է օկուպացնել Աֆրինը: Եվ մենք միշտ հիմնվում ենք այն հանգամանքի վրա, որ Աֆրինում իրավիճակը կարգավորելու ամենադյուրին ճանապարհը, երբ թուրքական ներկայացուցիչները նշում են, որ իրենց առջեւ դրված հիմնական նպատակներն իրականացվել են, կլիներ տարածքի վերադարձը Սիրիայի կառավարության վերահսկողության տակ: Մենք երբեք այլ դիրքորոշմամբ չենք առաջնորդվել»,- Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել էր  սիրիական Աֆրինում քրդական կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» զինված օպերացիայի մեկնարկի մաիսն: Թուրքիայի հետ մեկտեղ գործում էին նաեւ «Սիրիական ազատ բանակի» (SSA) զինյալները: Էրդողանը մարտի 18-ին հայտարարել էր Աֆրինն անցել է Թուրքիայի եւ SSA-ի վերահսկողության տակ: Դամասկոսը խստորեն դատապարտել էր Թուրքիայի գործողություններն Աֆրինում՝ նշելով, որ այդ տարածքը Սիրիայի անբաժանելի մասն է: