Հայկական կողմը հույս ունի, որ Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում Բրյուսելը կպահպանի միասնական դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս նշեց ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց ուղղեց՝ նշելով, որ արդեն կա տեղեկություն, որ Ադրբեջանի հետ եւս ԵՄ-ն նմանատիպ համաձայնագիր է կնքելու եւ արդեն բանակցություններ են ընթանում. արդյոք ԼՂ խնդրի վերաբերյալ նույն մոտեցումները պահպանված են լինելու այդ համաձջայնագրում:

Ի պատասխան Կարեն Նազարյանը նախ նշեց, որ միջազգային բանակցային պրակտիկան հուշում է, որ այդ քննարկումները տեղի են ունենում փակ ռեժիմով, ապա հավելեց. «Բայց մենք տեղյակ ենք, որ ԵՄ-Ադրբեջան բանակցությունների շրջանակում քննարկվում է նաեւ հակամարտությունների կարգավորման խնդիրը, այնպես ինչպես այն առկա է Հայաստան-ԵՄ փաստաթղթում: Մենք բազմիցս նշել ենք ԵՄ մեր գործընկերներին սկզբունքային եւ առավել կարեւոր հայտարարված դիրքորոշումը պահպանելու անհրաժեշտության մասին: Դա շատ կարեւոր է ոչ միայն մեր տեսանկյունից, այլ առհասարակ հակամարտության կարգավորման գործընթացը լավագույնս ապահովելու առումով։ Ունենք հավաստիացումներ, որ ԵՄ-ն կպահպանի իր հայտարարված մոտեցումը։ Հուսանք, որ դրա ականատեսը կլինենք շուտով, որ որ ԵՄ գործընկերները կդրսեւորեն իրենց սկզբունքայնությունը այս հարցում», - հայտարարեց Կարեն Նազարյանը։