Ռուսաստանի տարբեր քաղաքներից բողոքներ ենք ստանում, որ Հայաստանի վարորդական իրավունք ունեցողներին ոստիկանները նորից նեղում են:  Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա հիշեցրեց, որ դեռ 1,5 տարի առաջ այդ հարցը բարձրացվել է. «Այդ աղմուկից հետո նաեւ ԵՏՄ հանձնաժողովը զբաղվեց եւ նշվեց, որ ԵՏՄ օրենքները բարձր են ՌԴ պետդումայի կողմից ընդունված օրենքներից եւ ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքները պետք է ճանաչվեն ՌԴ տարածքում: Ասվեց, որ խնդիրը լուծվել է, բայց մի քանի օր է բողոքներ ենք ստանում, որ ՌԴ քաղաքներում Հայաստանի վարորդական իրավունք ունեցողներին ոստիկանները նեղն են գցում՝ ասելով, որ պետք է գնաք հանձնեք քննություն եւ ռուսական վարորդական իրավունք հանեք, հակառակ դեպքում՝ իրավունք չեք ունենա աշխատելու»,-ասաց Մարուքյանը:

Նա հիշեցրեց, որ ԵՏՄ համաձայնագիրը ծառայությունների, աշխատուժի, ֆինանսական միջոցների ազատ տեղաշարժի մասին էր եւ ըստ այդ համաձայնագրի ԵՏՄ երկրների քաղաքացիներն ազատորեն կարող են աշխատել մյուս անդամ երկրներում իրենց ազգային պետական փաստաթղթերով. «Ըստ էության, ԵՏՄ հիմնարար սկզբունքներ են ոտնահարվում, ինչը գալիս է ապացուցելու, որ այդ համաձայնագիրը մնացել է թղթի վրա: Ես կոչ եմ անում կառավարությանը այդ հարցը բարձրացնի ռուս գործընկերների առջեւ, որովհետեւ այստեղ հազարավոր ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարման մասին է խոսվում»,-ընդգծեց Մարուքյանը: