Նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի դուստրը՝ Յուլիա Սկրիպալը, հրաժարվել է Լոնդոնում ՌԴ դեսպանատան հյուպատոսական օգնությունից: Այս մասին հայտնել է Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

 «Ավելի վաղ մենք Յուլիային փոխանցել էինք հյուպատոսական օգնության մասին ՌԴ դեսպանատան առաջարկը: Նա ազատ կարող է որոշել՝ ուզու՞մ է արդյոք ստանալ այդ օգնությունը: Այսօրվա դրությամբ նա չի դիմել օգնության», -ասել  է նա:

Հիշեցնենք, որ Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլիան թունավորվել էին «Նովիչոկ» նյարդակաթվածային թույնով, հայտարարել էին Բրիտանիայի իշխանությունները  եւ մեղադրել ՌԴ-ին: Մոսկվան հերքում է բոլոր մեղադրանքները:

Նախօրեին Յուլիա Սկրիպալը դուրս էր գրվել հիվանդանոցից, նրա հայրը շարունակում է բուժում ստանալ: