Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը զեկույց է պատրաստել ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի թունավորման հետաքննության մասին: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով բրիտանական ԱԳՆ մամուլի քարտուղարին:

ՔԶԱԿ հետաքննության արդյունքները պետք է հրապարակվեն ապրիլի 12-ին Լոնդոնի ժամանակով 12:00-ին: «Հաստատված պրակտիկայի համաձայն՝ նրանք զեկույցի վերջնական պատճենը մեզ են փոխանցել՝ պետությանը, որ հետաքննության անցկացման հայց է ներկայացրել»,- պարզաբանել են բրիտանական ԱԳՆ-ից:

Բրիտանական ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ Լոնդոնը ՔԶԱԿ-ին է դիմել խնդրանքով՝ հետաքննությունը տարածել կազմակերպության անդամ բոլոր պետությունների շարքում, ներառյալ Ռուսաստանը: «Հետաքննության այս թափանցիկ եւ հրապարակային մոտեցումը, որին հետեւել են ի սկզբանե, կտրուկ հակասում է խճճելու եւ ուշադրությունը շեղելու մարտավարությանը, որին հավատարիմ են ռուսական իշխանությունները»,- ընդգծել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ից:

«Սկրիպալի գործով» զեկույցն այս շաբաթ պատրաստելու ծրագրերի մասին ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ահմեթ Ուզյումջյուն հայտնել էր ապրիլի 4-ին: Նա նշել էր, որ ՔԶԱԿ մասնագետների հետաքննությունն անցկացվում է որեւէ պետության դիրքորոշումից անկախ: Ըստ որում՝ ընդգծել էր, որ մյուս պետությունները կարող են զեկույցը ստանալ միայն Բրիտանիայի համաձայնությամբ:

Ռուսաստանը բազմիցս դիմել է Մեծ Բրիտանիային՝ պահանջելով ռուսաստանցի մասնագետներին հասանելիություն տրամադրել ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետաքննության նյութերին, որի համար Լոնդոնը մեղադրում է ռուսական հատուկ ծառայություններին: Սակայն բրիտանական իշխանությունները ապրիլի 4-ին հայտարարել էին Մոսկվայի հետ համատեղ հետաքննություն վարելու իրենց մերժման մասին: «Միանգամայն հստակ է, որ Ռուսաստանը քիմիական զենքի կրրառման ոչ մի հետաքննություն լեգիտիմ չի ճանաչում, եթե դրա արդյունքները չեն համապատասխանում պատասխանին, որը Ռուսաստանին ձեռնտու է»,- հայտարարել էր ՔԶԱԿ-ում Բրիտանիայի ներկայացուցիչ Ջոն Ֆոգոն: