Այսօր հզոր ավտոերթ տեղի ունենա դեպի Ծաղկաձոր. դեպի այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենա ՀՀԿ խորհրդի նիստը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Ժամը 16.30-ին, Հարսնաքարի դիմացի մասից երթը սկսվում է դեպի Ծաղկաձոր: Խնդրում եմ մեքենաները լիցքավորած գալ, ունենալ դրոշներ, ատրիբուտներ, պատրաստ լինել: Մինչ այդ ժամը 14.00-ին հանրահավաք կլինի, որը կավարտվի երթով: Իսկ թե երթի ժամանակ ինչ գործողություններ կանենք, ինչ ուղղությամբ կգնանք, դա արդեն կորոշենք ավելի ուշ»,-հայտարարեց Փաշինյանը:

«Մենք հայտարարել էինք, որ պաշարելու ենք ՀՀԿ գրասենյակի շենքը, որտեղ տեղի էր ունենալու ՀՀԿ խորհրդի նիստը, սակայն ՀՀԿ-ականներն իմանալով մեր պլանների մասին, արտագաղթել են Ծաղկաձոր: Սակայն դա նրանց չի փրկի եւ իրենք ավտոերթով կուղեւորվենք Ծաղկաձոր»,-ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակը փակ է. հանրահավաքը երեկ Ազատության հրապարակից տեղափոխվել էր այստեղ: Ցուցարարները վրաններ են տեղադրել գիշերելու համար, նաեւ վառարան են բերել, թեյնիկ, սնունդ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որն ավարտվել է ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքով, ապա նստացույցով Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին: