ՀՀԿ-ի ներկայացուցիչներ եւ Սերժ Սարգսյան, մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ ձեզ ուղում ենք շրջափակել, խնդրում ենք, ասել ձեր կոորդինատները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենք որոշել էին, ժամը 16.30-ին ավտոերթով գնալ Ծաղկաձոր, որտեղ պետք է տեղի ունենար ՀՀԿ նիստը, սակայն նիստը արդեն կայացել է, որտեղ որոշել են վարչապետի թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին:

Փաշինյանը ավտոերթի մասնակիցներին կոչ արեց 16.30-ի հավաքվել Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոցի խաչմերուկում ու ավտոերթ անել քաղաքում:

«Ավտոերթ անենք «փնտրում են Հանրապետականին» կարգախոսով, որովհետեւ չգիտենք, թե որտեղ են «թռած», որ  գտնենք շրջափակենք: ՀՀԿ-ի ներկայացուցիչներ եւ Սերժ Սարգսյան, մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ ձեզ ուղում ենք շրջափակել, խնդրում ենք, ասել ձեր կոորդինատները: Դարձել են հայտնի անեկդոտի «Անորսալի Ջո»-ն»-ասաց Փաշինյանը:

«Ես երեկ հայտարարեցի, որ համերաշխության ձեռք եմ մեկնում բոլոր ընդդիմադիր ուժերին, որոնք իրենց համարում են ընդդիմադիր եւ որոնք դեմ են Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին: 

Մենք շատ հաճախ իրար դեմ էլ ենք խոսել, անգամ վիրավորել ենք, կծել ենք, չորել ենք, բայց ես կարծում եմ, որ ժամանակն է, որ ներենք իրար հանուն այստեղ հավաքված ժողովրդի: Հայաստանում քաղաքական գործիչ չկա, մարդ չկա, որին պոզ ու պոչ չկարողանանք կպցնել, բայց պետք է հիմա համերաշխություն ապահովել Հայաստանում՝ «Համերաշխություն հանած Սերժ Սարգսյան» կարգախոսով: Այսօր այստեղ է եղել Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատները»՝ Խաչատուր Քոքոբելյանի գլխավորությամբ: Այստեղ է նաեւ ԱԻՄ-ի նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Երեկ սոցանցերում տեսա, որ ՀԱԿ-ի առնվազն երիտասարդական թեւի ներկայացուցիչները շատ ակտիվ մասնակցել են մեր հավաքին»,-ընդգծեց ՔՊ առաջնորդը:

Նա առաջարկեց, որ քանի որ ցեեկային ժամ է, հանրահավաքի ժամ չէ, երթ կանեն, ցույց տալու իրենց հզորությունը, միասնությունը. «Կվերադառնանք այստեղ, 16.30-ին կհասկանանք, թե որտեղ են ՀՀԿ-ականները, որ շրջափակենք»:

Այս պահին ընդդիմադիրները երթի են դուրս եկել Երեւանի փողոցներով:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակը երեկվանից փակ է. հանրահավաքը նախօրեին Ազատության հրապարակից տեղափոխվել էր այստեղ: Ֆրանսիայի հրապարակը այժմ էլ բոլոր կողմերից շարունակում է շրջապատած մնալ նստարաններով: Ցուցարարները վրաններ են տեղադրել գիշերելու համար, նաեւ վառարան են բերել, թեյնիկ, սնունդ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որն ավարտվել է ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքով, ապա նստացույցով Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին: