Ապրիլի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Արմեն Սարգսյանի եւ առաջին տիկին Նունե Սարգսյանի հետ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Վեհափառ Հայրապետն իր շնորհավորանքները բերեց ՀՀ նախագահին երդմնակալության արարողության առիթով` վստահություն հայտնելով, որ պետական կառավարման ոլորտում նրա հարուստ փորձառությունը պիտի լավագույնս ծառայեցվի երկրի առաջընթացին` արդարացնելով ժողովրդի սպասումները թե´ հայրենիքում եւ թե´ Սփյուռքում:

Նորին Սրբությունը հաստատեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի շարունակի զորավիգ լինել հայրենի իշխանություններին ու ՀՀ նախագահին հայոց անկախ պետականության զորացման եւ առկա մարտահրավերների հաղթահարման գործում եւ կարելին անել ի սեր եւ ի բարօրություն հայրենիքի ու ժողովրդի:

Վեհափառ Հայրապետը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին մաղթեց, որ երկրի եւ ժողովրդի ապագայի վերաբերյալ նրա տեսլականն ու իղձերն իրականություն դառնան:

Իր հերթին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին բարեմաղթանքների համար: Պրն. Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է` հավատ ունենալով ժողովրդի, հայրենիքի եւ Հայոց Եկեղեցու հանդեպ: Նա նաեւ կարեւորեց Եկեղեցու համախմբող դերակատարությունը:

Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետը եւ տիար Արմեն Սարգսյանը խոսեցին նաեւ զանազան ծրագրերի մասին։

Հաջողություններ եւ արդյունավետ ծառայություն մաղթելով ՀՀ նախագահին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես կարեւորեց պատասխանատու բոլոր կառույցների միասնականությունը եւ համամտությունը մեր ժողովրդի ազգային շահերի շուրջ` այդ ոգու ամրապնդման գործում էական նկատելով ՀՀ նախագահի առաքելությունը:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արորղակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը եւ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ՀՀ նախագահն այցելեցին Մայր Տաճար: