2010թ. դեկտեմբերին Թուրքիայում կայացած շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնության բազմաթիվ մասնակիցներ, այդ թվում Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը  բաց նամակով, դիմել են ՖԻԴԵ-ին` քննադատելով Թուրքիային անտանելի պայմանների համար, նաեւ հորդորել են ապագայում բացառել այդպիսի պայմանները:

Շախմատիստուհիները խորապես հիասթափված են առաջնության կազմակերպումից: Նրանք դժգոհ են մնացել հյուրանոցային պայմաններից, բարձր գներից, մրցավայրի անհարմարություններից եւ կազմակերպիչների սառը վերաբերմունքից: Գրոսմայստերների տպավորությամբ` թուրքերը փորձել են, քիչ գումար ծախսելով, իրենցից առավելագույնը կորզել:

Նամակի հեղինակները ՖԻԴԵ-ից պահանջել են հետագայում ավելի լուրջ վերաբերվել առաջնության անցկացման հավակնորդներին եւ նախապես ստուգել պայմանները:

Բաց նամակի տակ ստորագրել են Էլինա Դանիելյանը, Նանա Ձագնիձեն, Ջովանկա Հոսկան, Տատյանա Կոսինցեւան, Ալեքսանդրա Կոստենյուկը, Մայա Լոմինեշվիլին, Եվգենյա Օվոդը, Ամինա Մեզիոդը, Լիլիթ Մկրտչյանը, Էլիզաբեթ Պետցը, Աննա Մուզիչուկը, Մարիա Մուզիչուկը, Նատալյա Պոգոնինան, Մարինա Ռոմանկոն, Իրինա Սլավինան, Սումիա Սվամինատանը, Աննա Զատոնսկիխը եւ Նատալյա Ժուկովան: