Սիրիայի վրա հրթիռային հարվածը հղի է տարածաշրջանում եւ աշխարհում լարվածության հետագա էսկալացիայով: Այս մասին ասվում է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտակարգ նիստում ընդունված հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՊԿ Մշտական խորհուրդը, հաստատելով Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության, միասնության եւ տարածքային ամբողջականության պահպանմանն իր աջակցությունը, դատապարտում է ԱՄՆ-ի կողմից Միացյալ Թագավորության եւ Ֆրանսիայի աջակցությամբ հրթիռային հարվածները, որոնք կատարվել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ նորմերի խախտմամբ, ՄԱԿ-ի կանոնադրությանը հակառակ եւ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության:

«Այս գործողությունները ստեղծում են մի իրավիճակ, որը հակասում է Սիրիայում ահաբեկչական սպառնալիքի արագ վերացմանը եւ քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով Սիրիայի ներքին հակամարտության լուծմանը` հանգեցնելով այդ երկրում հումանիտար իրավիճակի հետընթացին: Սա նաեւ հղի է տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում լարվածության հետագա էսկալացիայով», - ասվում է հայտարարության մեջ:

ՀԱՊԿ-ի մշտական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում առավելագույն ջանքեր գործադրել միջազգային հանրության կողմից իրեն վստահած միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման եւ վերականգնման խնդիրների կատարման համար: