Իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն կիրակի նշում է իր 80-ամյակը: Կարդինալեին կշնորհավորեն Նեապոլի «Սան Կառլո» թատրոնի բեմում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոստովանությամբ՝ այսպիսի տոնն իր համար անակնկալ էր, չնայած նա հիմա խաղում է նեոպոլիտանական «Աուգուստեո» թատրոնում ամերիկացի ժամանակակից դրամատուրգ Նիլ Սայմոնի «Տարօրինակ զույգը» կատակերգության մեջ: Նրա խոսքով՝ բեմադրության գաղափարը պատկանում է ռեժիսոր Պասկուալե Սկուիտիերիին, որի հետ նրան երկար տարիներին կապել են անձնական եւ ստեղծագործական հարաբերությունները: Նա մահացել է անցյալ տարվա փետրվարին, եւ չնայած զույգը վաղուց բաժանվել էր, դերասանուհին մշտապես ջերմությամբ է խոսում իրենց միության մասին եւ այս աշխատանքը նվիրել է Սկուիտիերիին:

Տղամարդկանցից շատերի համար է Կարդինալեն եղել գեղեցկության իդեալ: Չնայած ինքը՝ դերասանուհին պնդում է, որ իրեն երբեք գեղեցիկ չի համարել: Նա խնդրում է իրեն նաեւ դիվա չանվանել, քանի որ իր մասին խոսում է «որպես սովորական մարդու, ինչպիսին են նաեւ մնացյալ բոլորը»:

Կարդինալեն ծնվել է Թունիսում ծագումով սիցիլացիների ընտանիքում: Նա կինոյում պատահաբար է հայտնվել: Նրա դեբյուտն է եղել Մարիո Մոնիչելիի «Չարագործներն, ինչպես միշտ, անհայտ մնացին» (I soliti ignoti, 1958) ֆիլմում ոչ մեծ դերը:

Այնուհետեւ հետեւել են աշխատանքները իտալացի ռեժիսորների հետ: Մասնավորապես՝ Կարդինալեն մասնակցել է այնպիսի կինոնկարների ստեղծմանը, ինչպիսին են Ֆեդերիկո Ֆելինիի «Ութ ու կեսը (8 1/2, 1963), Լուկիանո Վիսկոնտիի «Հովազը» (Il Gattopardo, 1963), Սերջո Լեոնեի «Մի անգամ վայրի արեւմուտքում» (C'era una volta il West, 1968), «Մայրիկ» (1991) ֆիլմերը:

1991 թվականին ֆրանսիացի ռեժիսոր Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան) սկսում է «Մայրիկ» ֆիլմի նկարահանումները, որում գլխավոր դերերը կատարել են եգիպտացի դերասան Օմար Շարիֆը եի Կլաուդիա Կարդինալեն:

Ֆիլմի ստեղծման պատմությունը սկզբնավորվում է 1985 թվականին: Այդ ժամանակ ընկերոջ՝ ֆրանսիացի գրող Անրի Թրուայայի առաջարկով Վերնոյը գրում է «Մայրիկ» պատմվածքների ժողովածուն, որի հիմքում ընկած էր նրա ընտանիքի պատմությունը՝ Հայոց ցեղասպանության, իրենց համար նոր երկրում հայ ներգաղթյալների ճակատագրի եւ կյանքի պատմությունը:

Կլաուդիա Կարդինալեն եւ Օմար Շարիֆը կատարել են ամուսինների դերերը, որոնք իրենց ընտանիքի հետ Ցեղասպանությունից փրկվել էին եւ Ֆրանսիա փախել: Մարսելը նրանց առջեւ է բացել իր դռներն ու նրանց ընդունել: Այստեղ նրանք ստիպված էին բախվել ներգաղթյալների կյանքի դժվարություններին: Սակայն նրանց համախմբված եւ համերաշխ ընտանիքը կարողանում է հաղթահարել բոլոր դժվարությունները:

2010 թվականին Կարդինալեն Հայաստանում էր: Նա եկել էր մասնակցելու Երեւանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, որտեղ արժանացել է Փարաջանովի անվան մրցանակի «համաշխարհային կինեմատոգրաֆում ավանդի համար»:

Իր բազմամյա կարիերայի ընթացքում Կարդինալեն աշխատել է Ֆրանսիայում, մասնավորապես՝ Ալեն Դելոնի եւ Ժան Պոլ Բելմոնդոյի հետ, որոնց հետ ընկերական հարաբերություններ է պահպանել: Կարիդինալեն ունեցել է նաեւ ամերիկյան ժամանակաշրջան, սակայն, այդուհանդերձ, մնացել է եվոպական աստղ:

Հիմա Կարդինալեն գրեթե ամբողջ ժամանակ Ֆրանսիայում է ապրում, սակայն, սեփական խոստովանությամբ, իրեն իտալուհի է զգում: Ապրիլի 15-ին է ծնվել Լեոնարդո Դա Վինչին: «Ես դա չէի հիշում: Հրաշալի է: Ես ինձ իտալուհի եմ զգում, ես իտալուհի եմ»,- ասել է Կարդինալեն:

Հարցին՝ դերասանուհին ինքն իրեն ի՞նչ կմաղթեր տարեդարձի օրը, Կարդինալեն պատասխանել է. «Շարունակել անել այն, ինչով մշտապես զբաղվել եմ: Ճանապարհորդել, մարդկանց հանդիպել, աշխատել: Իսկ մարդկությանը՝ ավելի շատ խաղաղություն եւ ավելի քիչ սահմաններ»: