Ցուցարարները՝ Փաշինյանի գլխավորությամբ մտան Մանկավարժական համալսարանի շենք: Նրանք վանկարկում են. «Միացեք», «Դասադուլ», «Քայլ արա, մերժիր Սերժին»:

«Մենք կոչ ենք անում դասադուլի»,-ասաց Փաշինյանը: Ցուցարարները վանկարկելով բարձրացան համալսարանի հարկերով:

Համալսարանի ներկայացուցիչն ասաց. «Դուք մտաք ներս, տեսաք, որ դուռը բաց է, ով ուզում էր միանալ, միացել է ձեզ, դուրս եկեք, մենք շարունակենք մեր աշխատանքը»:

Նշենք, որ այսօր առավոտից ցուցարարները փակել են Երեւանի կենտրոնի բազմաթիվ փողոցներ, այդ թվում Մոսկովյան, Սարյան, Աբովյան, Կորյուն, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցները, Մաշտոց եւ Բաղրամյան պողոտաները:

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել երկուշաբթի օրը արգելափակել Երեւանի կամուրջները, փողոցները մետրոն. «Վաղը առավոտյան 8:15-ից պետք է սկսվեն քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Այդ գործողությունները որեւէ մեկին որեւէ վնասի եւ ռիսկի տակ չեն դնում»,- ասել է նա եւ հավելել. «Արթնանում ենք շուտ։ 8:15 սկսվում է  Երեւանի արգելափակման գործընթացը։ Մարդիկ, Դավթաշենի, Հաղթանակի, Կիեւյանի մասին է, մեքենայով երթեւեկում են եւ կամուրջի վրա եւ կամուրջի վրա նրանց մեքենան փչանում է։ Նրանք ուղղակի վթարայինները միացնում են, դռները փակում են եւ ոտքով շարժվում են դեպի Ազգային ժողով։ Ճանապարհին ում տեսնում են, ասում են, որ ժողովուրդը հավաքվում է ԱԺ մերձակայքում»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որն ավարտվել է ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքով, ապա նստացույցով Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին: