Բաղրամյան պողոտայում այս պահին լարված իրավիճակ է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը անցավ փշալարերի վրայով, նրան հետեւեցին էլի ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների դեմ։ NEWS.am-ի թղթակիցը Բաղրամյան պողոտայից հայտնում է, որ ոստիկանները լուսաձայնային նռնակներ է կիրառում (ֆոտոռեպորտաժ)։

Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության երթի մասնակիցները փորձել են անցնել Բաղրամյան պողոտայում քաշված փշալարի վրայով, սակայն Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը թույլ չի տվել։ Նա միայն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին եւ «Ելք» խմբակցության մյուս պատգամավորներին է թույլատրել անցնել խորհրդարան։

Փաշինյանը հրաժարվել է, իսկ իրավապահները թույլ չեն տվել անցումը։

Իրավիճակը կտրուկ սրվել է Բաղրամյան պողոտայում, ինչից հետո ոստիկանները սկսել են լուսաձայնային նռնակներ կիրառել, նաեւ արցունքաբեր գազ։ Կադրերից երեւում է, որ տուժածներ կան:

Նշենք, որ այսօր առավոտից ցուցարարները փակելով անցել են Երեւանի կենտրոնի մի շարք փողոցներով: Այդ ընթացքում տարբեր խմբեր փակել են Մոսկովյան, Սարյան, Աբովյան, Կորյուն, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցները, Մաշտոց եւ Բաղրամյան պողոտաները:

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել երկուշաբթի օրը արգելափակել Երեւանի կամուրջները, փողոցները մետրոն. «Վաղը առավոտյան 8:15-ից պետք է սկսվեն քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Այդ գործողությունները որեւէ մեկին որեւէ վնասի եւ ռիսկի տակ չեն դնում»,- ասել է նա (ֆոտոռեպորտաժ):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որն ավարտվել է ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքով, ապա նստացույցով Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին: