Դումայի խորհուրդը մայիսի 15-ին Պետական դումայի լիագումար նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ  կքննարկի ԱՄՆ-ի եւ հակառուսական քաղաքականությանն աջակցող երկրների դեմ հակապատժամիջոցների մասին օրինագիծը, փոխանցում է «Ինտերֆաքսը»: Օրինագծի հեղինակներն են պալատի 450 պատգամավորներից 327-ը:

Օրինագիծը պարունակում է միջոցառումների ցանկը, որոնք ՌԴ կառավարությունը կարող է ձեռնարկել որպես ԱՄՆ-ի եւ մյուս երկրների կողմից ոչ բարեկամական բնույթի գործողությանը պատասխան քայլ:

Օրինագծով նախատեսվում է պատասխան միջոցառումների սահմանման կարգը. ներգործության միջոցառումները կսահմանվեն ԱՄՆ-ի եւ արտասահմանյան այլ երկրների կողմից գործողությունների դեպքում՝ ուղղված ՌԴ տարածքային ամբողջականության, անվտանգության նվազեցմանը, ինչպես նաեւ ՌԴ-ում տնտեսական ապակայունացմանը: Այս սահմանափակող միջոցառումները կմտցնեն կառավարությունը կամ շրջանների ղեկավարներըը: Փաստաթղթում հաստատված է պատասխան 16 միջոցառումների ցուցակը:

Մասնավորապես առաջարկվում է դադարեցնել կամ կասեցնել ՌԴ, ռուսական իրավաբանական անձանց համագործակցությունը ԱՄՆ-ի եւ այլ արտասահմանյան պետությունների հետ, ինչպես նաեւ կազմակերպությունների հետ ատոմային եւ հրթիռաշարժիչային ճյուղերում, որոնց կապիտալում ուղղակիորեն կամ անուղղակիորեն առկա է ամերիկյան կապիտալի 25 տոկոս:
Արգելքի տակ կարող են հայտնվել նաեւ ամերիկյան ալկոհոլը եւ ծխախոտային արտադրանքը, գյուղատնտեսական արտադրանքը: Հակապատժամիջոցներ կարող են սահմանվել ամերիկյան դեղորայքի դեմ՝ բացառությամբ նրանց, որոնց նմանակները Ռուսաստանի տարածքում չկան:

Պատասխան միջոցառումների ցուցակի մեջ են մտնում ԱՄՆ-ից ծագող պետական կարիքների ապահովման տեխնոլոգիական սարքավորման եւ ծրագրային ապահովման հասանելիության սահմանափակումները, արգելքը կամ սահմանափակումը ԱՄՆ եւ այլ արտասահմանյան պետությունների քաղաքացիներին, այդ թվում՝ որպես բարձր որակավորման մասնագետների, ՌԴ-ում աշխատանքային գործունեության մեջ ներգրավելու վրա: