Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն այսօր Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին ի պահ է հանձնել աղմկահարույց պատմության հերոսին՝ Գյումրիում տնային պայմաններում պահվող արջի քոթոթին։

Հանրային կապերի պատասխանատու Վահագն Թեւոսյանի փոխանցմամբ, ապրիլի սկզբին համացանցում տարածվեցին լուսանկարներ, որտեղ Գյումրիի փողոցներում վզնոցով արջի քոթոթ էր շրջում: Հետագայում պարզվել էր, որ քոթոթը վերցվել է վայրի բնությունից, դեպքի առիթով պատկան մարմինները համապատասխան վարույթ էին սկսել, ինչից հետո քոթոթի փաստացի տնօրինողը նրան ստիպված էր եղել հանձնել տեսչական մարմնին։ Գործն իրավապահների ուսումնասիրման տիրույթում է։

Արջի քոթոթը տեղափոխվել է Երեւանի Կենդանաբանական այգի, որտեղ կենդանաբույժների  մշտական վերահսկողության ներքո կանցնի վերականգնողական  բոլոր փուլերը։ Քոթոթը երեք ամսական էգ առանձնյակ է։ Քննարկվում է նրան վայրի բնություն վերադարձնելու հնարավորությունը։

Գործողություններն իրականացվում էն FPWC կողմից արջերի փրկության լայնածավալ ծրագրի շրջանակում։