ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիի 16-ին ընդունել է Արտերկրում բնակվող ֆրանսիացիներին ներկայացնող սենատոր Օլիվիե Կադիքին:

Հանրապետության նախագահը գոհունակությամբ նշել է, որ   ֆրանսիացի խորհրդարանականների այցերը Հայաստան արդեն բարի ավանդույթ են դարձել, ինչը մեր երկրների միջեւ առանձնաշնորհյալ հարաբերությունների լավագույն դրսեւորումներից է:

Զրուցակիցները կարեւորել են աշնանը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ  ֆրանկոֆոնիան Հայաստանի համար միայն լեզվական կամ մշակութային ընդհանրությունների շուրջ ձեւավորված կառույց չէ, այլ ավելի լայն ընդգրկման միավորում, նկատի ունենալով գագաթաժողովի շրջանակներում կայանալիք  ֆրանկոֆոն երկրների գործարարների ֆորումը եւ ֆրանկոֆոն գործարար ցանցի ստեղծումը:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի ջանքերը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի,  Արցախի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման եւ մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության ամրապնդման ու համագործակցության զարգացման ուղղությամբ:

Սենատոր Կադիքը ներկայացրել է արտերկրում բնակվող ֆրանսիացիներին   Սենատում ներկայացնելու համակարգը, արտերկրում ֆրանսիական կազմակերպությունների փոխգործակցության մեխանիզմները: