Լիտվայի Վարենա քաղաքի քաղաքապետարանի Մշակույթի կենտրոնում Վարենայի քաղաքապետարանի, «Լիտվա-Արցախ բարեկամության շրջանակի» անդամների եւ Լիտվայի հայերի միության ջանքերով տեղի ունեցավ «Արցախի օր» խորագրով միջոցառում, որին ներկա էին Լիտվայի քաղաքական եւ մշակութային գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Լիտվայում ՀՀ դեսպանության անձնակազմը:

Բացման խոսքով հանդես եկավ Վարենայի քաղաքապետ Ալգիս Կաշետան, ով, կատարելով պատմական ակնարկ, ներկայացրեց Արցախի ներկան եւ զարգացման հեռանկարները: Քաղաքապետը նաեւ նշեց, որ Արցախը բարդ ճանապարհ է անցել եւ այսօր ներկայանում է որպես ժողովրդավար երկիր:

Ալգիս Կաշետան կարեւորեց նմանատիպ մշակութային միջոցառումների կազմակերպումը՝ նշելով, որ դրանց միջոցով Արցախն առավել լավ ճանաչելու հնարավորություն է ընձեռվում:

Լիտվայի Սեյմասի նախկին պատգամավոր եւ Լիտվայում «Լիտվա-Արցախ բարեկամների շրջանակի» ներկայացուցիչ Դալյա Կուոդիտեն ընդգծեց, որ արցախցիների կերպարում, ովքեր միշտ պատրաստ են պաշտպանել իրենց հողը, դրոշմված է ազատատենչ ոգին: Դալյա Կուդիտեն նաեւ հավելեց, որ Արցախը թյուրիմացաբար որպես գոյություն չունեցող պետություն է ներկայացվում, այն դեպքում, երբ այնտեղ պետական բոլոր կառույցները կայացած են:

Ելույթներ ունեցան նաեւ Լիտվայի հայերի միության փոխնախագահ Ռուսլան Հարությունյանը եւ հայ համայնքի ներկայացուցիչ Արմեն Հայրապետյանը: Ելույթով հանդես եկավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով կարեւորեց օտարերկրյա լսարաններում Արցախի մասին իրազեկվածության բարձրացումը, նշելով, որ Արցախը հիմնականում ասոցացվում է հակամարտության հետ, մինչդեռ դա նախ եւ առաջ պետություն է՝ պետության բոլոր ատրիբուտներով:

Անդրադարնալով «Կյանքն Արցախում» խորագիրը կրող ցուցահանդեսին՝ դեսպանն ընդգծեց, որ վերջինիս միջոցով կարելի է ծանոթանալ Արցախի հարուստ պատմամշակութային եւ ճարտարապետական ժառանգությանը՝ սկսած մ.թ.ա. 1-ին դարից, ինչպես նաեւ արցախցիների վարք ու բարքին, արվեստին ու ավանդույթներին: Դեսպանի համոզմամբ՝ պատահական չէ, որ նման պատկերներ տեսնելուց հետո շատերն են ցանկություն հայտնում այցելելու Արցախ: Մշակույթի կենտրոնի տեսասրահում ցուցադրվեց լատվիացի եւ լիտվացի բլոգերներ Ալեքսանդր Ալիմովի եւ Ստանիսլավ Գորբունովի կողմից նկարահանված Արցախի մասին պատմող ճանաչողական «Ճանապարհորդություն դեպի Լեռնային Ղարաբաղ» ֆիլմը:

Միջոցառման երկրորդ մասում արցախյան ժողովրդական կատարումներով հանդես եկան Արցախից հատուկ այս միջոցառման նպատակով հրավիրված Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջի երաժիշտները՝ թառահար Լեւոն Սարդարյանը եւ քամանչահար Հակոբ Խալաթյանը: Համերգային կատարումները ջերմ ընդունելություն գտան հանդիսատեսի կողմից:

«Արցախի օր» միջոցառման շրջանակներում ցուցադրվող «Կյանքն Արցախում» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսը, որը դեռ երկու շաբաթ բաց է լինելու Վարենայի մշակութային կենտրոնում, ներկայացնում է Արցախի բնաշխարհը, հոգեւոր եւ մշակութային ժառանգությունը, ինչպես նաեւ ժողովրդի առօրյա կյանքն ու տնտեսական ոլորտում արձանագրված ձեռքբերումները: