Ժամը 19։00-ի դրությամբ Երեւանի բժշկական կազմակերպություններում բուժումը շարունակում է 31 քաղաքացի։ 

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լեւոն Ալթունյանը քիչ առաջ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, հետաքրքրվել տուժածների առողջական վիճակով եւ նրանց բուժման ընթացքով։ Լեւոն Ալթունյանին ներկայացվել է, որ տուժածների մեծ մասի առողջական վիճակը բավարար է, իրականացվում է նրանց շարունակական հսկողություն։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց կապակցությամբ ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։

Ոստիկաններից մեկը վիրահատությունից հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետների գնահատմամբ նրա վիճակը համապատասխանում է տարած վիրահատությանը։ 

Առողջապահական համակարգը շարունակում է գործել ուժեղացված ծառայության պայմաններում եւ տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին ժամանակին եւ որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, որ քիչ առաջ Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցավ փշալարերի վրայով, նրան հետեւեցին այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով վիրավորվել է 46 անձ, այդ թվում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Վիրավորներից վեցը ոստիկաններ են։

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել նաեւ երկու անձինք՝ ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանն ու Զավեն Գրիգորյանը։