Մենք այսօր ցույց տվեցինք, որ հայ ժողովուրդը ազատության ժողովուրդ է։ Այդ մասին Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Մեր շարժումը Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիների համակրանքը ունի։ Սա անկեղծ շարժում է, սա արդար շարժում է, սա հույսի շարժում է, հանուն քաղաքացու հաղթանակի»,- ասել է նա եւ հավելել. «Մենք առավոտից հաջողությամբ իրականացրինք «Փակիր փողոցը» գործողությունը, հազարավոր մարդիկ փակեցին փողոցները, դուրս եկան Ազատության հրապարակ եւ ասացին, որ զզվում են Սերժ Սարգսյանից»։

Նա նշել է, որ ԱԺ-ն մի քանի ուղղություններ ունի, Բաղրամյանը, Դեմիիրճյան-Պռոշյան խաչմերուկը, Սարյան, Պռոշյան փողոցները, Հալաբյանից մուտքը դեպի ձոր, Հրազդանի կիրճի ճանապարհը, Կորեայի ձորի կողմից մուտքը դեպի ձոր։ Բազմությունից կոչեր հնչեցին հենց գիշերվանից փակել փողոցները։

«Ուզում եմ անկեղծ լինել, այդ գաղափարը կար, որ այսօրվանից է պետք գործընթացը սկսել, բայց կարծիք կա, որ գիշերը մարդիկ քիչ կմնան, չի ստացվի»,- ասել է Փաշինյանը։ Նա նշել է, որ անհրաժեշտ է բոլոր այդ փողոցները փակել հնարավոր բոլոր ձեւերով. «ԶԼ-երով, Կամազներով, Կռազներով, Սանիտեքի աղբարկղերով, ինչով պատահի»։ «Մեր գործողությունն էլի պիտի լինեն ապակենտրոնացված։ Երբ մեր գործողությունները ապակենտրոնացված են, նրանք ստիպված են լինում ոստիկական ուժերը ջլատել։ Մեզ անհրաժեշտ է, որ վաղն ամբողջ հանրապետությունը դուրս գա փողոցներ՝ առանց բացառության»«- նշել է Փաշինյանը։

Խոսելով վաղը կայանալիք ԱԺ նիստի մասին՝ նա նշել է, որ «Փակիր փողոցը» ակցիան պետք է իրականացնեն լայն ծավալներով եւ բլոկադայի ենթարկեն ԱԺ բոլոր մուտքերը։  Նա նաեւ համահայաստանյան դասադուլ եւ գործադուլ հայտարարելու կոչ արեց։ «Այդուհանդերձ, փողոցների շրջափակումը պետք է սկսել հենց այսօրվանից, գիշերվանից։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, որ քիչ առաջ Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցավ փշալարերի վրայով, նրան հետեւեցին այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով վիրավորվել է 46 անձ, այդ թվում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Վիրավորներից վեցը ոստիկաններ են։

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել նաեւ երկու անձինք՝ ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանն ու Զավեն Գրիգորյանը։