Վաղը առավոտյան ժամը 8:15-ից չորս-հինգ ուղղություններով շրջապատելու ենք Ազգային ժողովը։ Այդ մասին Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ մի քանի ուղղություններով արդեն գիշերվանից պետք է փակել Ազգային ժողովի մատույցները։ «Այնպես ենք անում, որ այդ փողոցներից յուրաքանչյուրի մոտ 10-15 հազար մարդ լինի, որ կարողանանք շրջափակել շենքը, միանգամից չորս-հինգ ուղղություններով»,- ավելի ավղ նա նշել էր, թե ԱԺ-ն մի քանի ուղղություններ ունի, Բաղրամյանը, Դեմիիրճյան-Պռոշյան խաչմերուկը, Սարյան, Պռոշյան փողոցները, Հալաբյանից մուտքը դեպի ձոր, Հրազդանի կիրճի ճանապարհը, Կորեայի ձորի կողմից մուտքը դեպի ձոր։ Բազմությունից կոչեր հնչեցին հենց գիշերվանից փակել փողոցները։

Փաշինյանը նաեւ նշել է, թե տեղեկություններ կան, որ պատգամավորներին ասում են՝ մնում եք Ազգային ժողովում։ «Մեր պատգամավորներից կգնանք, կստուգենք՝ այնտեղ են, թե չէ, տեղյակ կպահենք»,- ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, որ Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցավ փշալարերի վրայով, նրան հետեւեցին այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով վիրավորվել է 46 անձ, այդ թվում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Վիրավորներից վեցը ոստիկաններ են։

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել նաեւ երկու անձինք՝ ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանն ու Զավեն Գրիգորյանը։