Երեւանում ամբողջ օրվա ընթացքում լարված ու խառնաշփոթ իրավիճակ էր: Երեկ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական խաղաղ անհնազանդության կոչ էր արել, սակայն ոստիկանության, ինչպես նաեւ խցանումների մեջ մնացած դժգոհ քաղաքացիների հետ բախումներից խուսափել չի հաջողվել: Սոցցանցերի օգտատերերը կարծում են, որ միջադեպի մասնակիցը պատահաբար չի հայտնվել Հերացի-Կորյուն խաչմերուկում, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուքը:

Նիկոլ Փաշինյանի աջակիցները վաղ առավոտից փակել էին Երեւանի կենտրոնական փողոցներ ու պողոտաներ: Մի խումբ ցուցարարներ էլ փորձել են խափանել մետրոյի աշխատանքը, մասնավորապես, «Երիտասարդական» կայարանում, սակայն չի հաջողվել: Իսկ մետրոպոլիտենի ղեկավարությունը հենց այսօր «հիշել» էր, որ Ազգային ժողովի շենքին հարակից մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեխնիկական խնդիրներ կան, եւ այնտեղ կանգառ չի լինելու:

Ոստիկանությունը Երեւանի տարբեր հատվածներում մեծ թվով ուժեր էր կենտրոնացրել, հատկապես՝ Նալբանդյան-Չարենց փողոցների խաչմերուկում, ոստիկանության կենտրոնական շենքի հարեւանությամբ: Հենց այստեղ էլ հաջորդ բախումը տեղի ունեցավ: Ցուցարարները կարողացան ոստիկանների շղթան ճեղքել նաեւ «Հաղթանակ» կամրջի մոտ. կարմիր բերետավորները փորձում էին թույլ չտալ փակել կամուրջը, սակայն չհաջողվեց:

Այստեղից ցուցարարները երթով վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ կարճատեւ հանրահավաքից հետո սկսեցին քայլել դեպի Ազգային Ժողովի շենք: Սակայն Բաղրամյան պողոտայի սկզբնամասում վահաններով եւ մահակներով զինված ոստիկաններն արդեն պատ էին կազմել. նրանց շարքերը հասնում էին մինչեւ խորհրդարանի շենք: Ցուցարարները ձեռքերը վեր պարզած փորձեցին առաջ շարժվել. Նիկոլ Փաշինյանն այդ ընթացքում էլ անընդհատ կոչ էր անում ոստիկանների նկատմամբ ուժ չկիրառել եւ չվիրավորել: Պատգամավորը ոստիկաններին հայտարարեց, որ ցանկանում է գնալ աշխատավայր՝ Ազգային ժողով, եւ խնդրեց ճանապարհ բացել: Դիմադրության հանդիպելով՝ նա փորձեց անցնել փշալարերի վրայով:

Փաշինյանը վնասվածքներ ստացավ, իսկ ոստիկանությունը հատուկ միջոցներ՝ ծխանռնակներ եւ լուսաձայնային նռնակներ կիրառեց: Արդյունքում 46 քաղաքացի վիրավորվեց, այդ թվում՝ 6 ոստիկան: Հիվանդանոց տեղափոխվածների մեջ էր նաեւ Նիկոլ Փաշինյանը: Նա թեթեւ վնասվածքներ էր ստացել, եւ բուժօգնություն ստանալուց կարճ ժամանակ անց վերադարձավ Բաղրամյան պողոտա: Մյուս տուժածները նույնպես, բարեբախտաբար, ծանր վնասվածքներ չէին ստացել. նրանցից շատերն առաջին օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցներից:

Բաղրամյան պողոտայում Փաշինյանին դիմավորել են «Ելք» դաշինքի մյուս կուսակցությունների պատգամավորները, որոնք չեն միացել գործընկերոջ փողոցային պայքարին: Փաշինյանը գործընկերների հետ սուրճ է խմել «Լուսավոր Հայաստան»-ի գրասենյակում, իսկ հետո լրագրողներին ասել, որ այդքանով սահմանափակվել են. համատեղ գործողությունների որեւէ ծրագիր չեն քննարկել:

Ավելի ուշ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց հետագա ծրագրերը. վաղն առավոտյան պատրաստվում են մի քանի ուղղություններով մոտենալ Ազգային ժողովին եւ պաշարել շենքը: Ըստ Փաշինյանի՝ այդպիսով ավելի արդյունավետ կլինի ճեղքել ոստիկանության շարքերը, հասնել Ազգային ժողով ու խափանել հատուկ նիստը, որի ընթացքում տեղի է ունենալու վարչապետի թեկնածուի ընտրությունը:

ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցություններն այսօր կարճատեւ՝ 5 րոպեանոց նիստ են անցկացրել եւ պաշտոնապես վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Նիստից հետո Վահրամ Բաղդասարյանը լրագրողներին ասել է, որ չնայած խորհրդարանի շենքը շրջափակելու եւ քվեարկությունը խափանելու՝ Նիկոլ Փաշինյանի մտադրությանը, Ազգային ժողովի հատուկ նիստն արտագնա չի լինելու:

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ էլ լրագրողները Վահրամ Բաղդասարյանին եւ Դաշնակցությունից Արմեն Ռուստամյանին հարցրել են, թե ինչպե՞ս կարձագանքեն, եթե, ամեն դեպքում, օրեր շարունակ ցույցեր անցկացնողներին հաջողվի խոչընդոտել Ազգային ժողով իրենց մուտքը: ՀՀԿ խորհրդի նիստը, որի ընթացքում իշխող կուսակցությունը վարչապետի թեկնածուի հարցում վերջնական որոշում էր կայացրել, արտագնա անցկացվեց՝ Ծաղկաձորում: Կարծիքներ հնչեցին, որ սա փախուստ էր, իսկ Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է. պատճառները տեխնիկական էին:

Արցախի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է զոհվել: 19-ամյա Ալեք Կարապետյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել ապրիլի 15-ին, զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով: Նա մահացել է հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին:

Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է ծառայակցի հետ վիճաբանության ժամանակ, վերջինի կողմից արձակված կրակոցի հետեւանքով: Սպանության դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել, կասկածյալը ձերբակալված է: Արցախի նախագահի հրամանագրով՝ Ալեք Կարապետյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Ադրբեջանի զինված ուժերը երեկ կրակ են բացել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ: Բաղանիսի համայնքապետը մեր թղթակցին տեղեկացրել է, որ հակառակորդը հրաձգային զինատեսակներ է կիրառել: Բարեբախտաբար, տուժածներ չկան, ոչինչ չի վնասվել, իրավիճակն արդեն հանգիստ է: Սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը փակվել է. մեքենաները երթեւեկում են շրջանցիկ՝ Հարսնաքարի ճանապարհով: Ապրիլի 9-ին էլ ադրբեջանցիները գնդակոծել էին Բաղանիսի արոտավայրերը, իսկ 12-ին համայնքի մոտակայքում կրակ էին բացել քաղաքացիական բեռնատարի ուղղությամբ: Մեքենան վնասվել է, իսկ վարորդը, բարեբախտաբար, չի տուժել:

Արտակարգ դեպք Երեւանում. երկու տղամարդ ոտքերի կոտրվածքով եւ դանակի հարվածներից վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել: Իրավապահների տեղեկացմամբ՝ դեպքը տեղի է ունեցել ավտոկայանատեղիում. Դավիթ Մ.-ին եւ Արթուր Ա.-ին դանակահարել են վիճաբանության ժամանակ: Ըստ տեղեկությունների՝ նրանք զինվորականներ են, սպաներ: Բժիշկներին հաջողվել է փրկել վիրավորների կյանքը: Ոստիկանությունը տեղեկություններ ունի դանակահարողների մասին:

Հռոմում մահացել է հայտնի ռեժիսոր եւ սցենարիստ Վիտորիո Տավիանին: Նա 88 տարեկան էր: Տավիանիի դուստրը նշել է, որ կատարելու են հոր կամքը՝ հրապարակային հուղարկավորություն են կազմակերպելու, իսկ հետո դիակիզելու են մարմինը: Վիտորիո Տավիանին իր բոլոր ֆիլմերը նկարահանել է կրտսեր եղբոր՝ Պաոլոյի հետ: Տավիանի եղբայրները հայ հանդիսատեսին առավել հայտնի են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արտույտների ագարակը» պատմական դրամակով: Ֆիլմը նկարահանվել է հայկական արմատներով իտալացի գրող Անտոնիա Արսլանի համանուն վեպի հիման վրա. դրանում գրողը ներկայացրել է ցեղասպանությունը վերապրած սեփական ընտանիքի պատմությունը:

Ապրիլի 16-ին դոլարը շարունակել է արժեզրկվել, եվրոն փոքր-ինչ թանկացել է: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 596, ռուբլունը՝ 7 դրամ 80 լումա, ֆունտինը՝ 689 դրամ:

Ապրիլի 17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 17-19-ին 5-6 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +3+5, ցերեկը՝ +19+21 աստիճան տաքություն: