Իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Ըստ հանրության շրջանում տարածվող լուրերի եւ ԶԼՄ-ների հայտնած տեղեկությունների՝ այսօր Երեւանի Էրեբունի թաղամասում նկատվել է քաղաքացիական հագուստով հաղթանդամ տղամարդկանց կուտակում: Արժանահավատ տեղեկությունների համաձայն՝ դրանք հանցավոր խմբեր են, որոնք ըստ ամենայնի, ուղղվելու են խաղաղ ցուցարարների դեմ:

Սույնով հայտնում ենք, որ նշված հանցավոր խմբերի կողմից խաղաղ ակցիաների մասնակիցների դեմ հնարավոր բռնության պատասխանատվությունը կրում են իշխանությունները, եթե անգամ բռնություն կիրառող այդ անձինք հանդես գան որպես երթեւեկության անհարմարությունների պատճառով «զայրացած վարորդներ»:

ՀՀ Ոստիկանությունը պարտավոր է արդյունավետ եւ իրական պայքար տանել կազմակերպված հանցավորության դեմ եւ նախականխել  խաղաղ ցուցարարների նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական բռնության յուրաքանչյուր փորձ»,- ասվում է հայտարարության մեջ։

Այն ստորագրել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Հայաստանի Հելսինկյան Կոմիտեն, Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստանը, Թրանսփարենսի հակակոռուպցիոն կենտրոնը եւ «Հանուն Հավասար Իրավունքների» ՀԿ-ն։