Իրավիճակը Ֆրանսիայի հրապարակում այս պահին հանդարտ է։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե հրապարակում բավական ցուրտ է, մարդկանց մի մասը հավաքվել են փայտի վառարանի մոտ եւ տաքանում են։

Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին են միացել նաեւ երիտասարդները, որոնք փակել էին Աթենքի փողոցը՝ կոնյակի գործարանի մոտ, սակայն ոստիկանների հետ քաքշքշուկից հետո ստռիպված էին տեղի տալ եւ վերադառնալ։

Այս պահի դրությամբ, դեռ նստարաններով փակ են մի քանի փողոցներ, մասնավորապես Ամիրյան-Մաշտոց, Մաշտոց-Պուշկին, Սայաթ-Նովա-Տերյան, Սայաթ-Նովա Աբովյան խաչմերուկները, սակայն մեքենաները կարողանում են երթեւեկել։

Թեթեւ ընդհարումներ են լինում նաեւ Սայաթ-Նովա փողոցի մատույցներում, որոշ վարորդներ փորձում են ճեղքել արգելապատնեշներն ու անցնել։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, որ Բաղրամյան պողոտայում ցերեկը բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցավ փշալարերի վրայով, նրան հետեւեցին այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով վիրավորվել է 46 անձ, այդ թվում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Վիրավորներից վեցը ոստիկաններ են։