Երեւանի Ֆրանսիայի հրապարակի եւ հարակից փողոցները այսօր առավոտյան կրկին փակվել են: Մասնավորապես, մի խումբ երիտասարդներ փակել են Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկը: Ոստիկանները սկսել են հրելով բացել փողոցը: Նրանք բերման էին ենթարկում երիտասարդներին:

Հրմշտոց սկսվեց, ցուցարարները փորձում էին բացել մեքենայի դուռը եւ ազատ արձակել իրենց ընկերներին, սակայն ոստիկանական մեքենան պոկվեց տեղից եւ հեռացավ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցավ փշալարերի վրայով, նրան հետեւեցին այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով մի շարք անձինք տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել 47 մարդ, այդ թվում երկու օպերատորներ՝ Սարգիս Գեւորգյանն ու Զավեն Գրիգորյանը։

Նշենք, որ երեկ առավոտից ցուցարարները փակելով անցել են Երեւանի կենտրոնի մի շարք փողոցներով: Այդ ընթացքում տարբեր խմբեր փակել են Մոսկովյան, Սարյան, Աբովյան, Կորյուն, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցները, Մաշտոց եւ Բաղրամյան պողոտաները:

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել երկուշաբթի օրը արգելափակել Երեւանի կամուրջները, փողոցները մետրոն. «Վաղը առավոտյան 8:15-ից պետք է սկսվեն քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Այդ գործողությունները որեւէ մեկին որեւէ վնասի եւ ռիսկի տակ չեն դնում»,- ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որն ավարտվել է ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքով, ապա նստացույցով Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին: