Ապրիլի 17-ի, ժամը 9։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում շարունակում է բուժօգնություն ստանալ հանրահավաքի ընթացքում երեկ տուժած 12 քաղաքացի։

Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայւտնում են, որ նրանցից մեկը երեկ վիրահատված ոստիկանն է, ում վիճակը գնահատվում է կայուն։

Մյուսների վիճակը մասնագետները գնահատում են բավարար։

Նրանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ։ Բոլորն անցել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ստանում են համապատասխան բուժում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցել է փշալարերի վրայով, նրան հետեւել են այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով 46 անձ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, տեղափոխվել են հիվանդանոց:

Նշենք, որ երեկ առավոտից ցուցարարները փակելով անցել են Երեւանի կենտրոնի մի շարք փողոցներով: Այդ ընթացքում տարբեր խմբեր փակել են Մոսկովյան, Սարյան, Աբովյան, Կորյուն, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցները, Մաշտոց եւ Բաղրամյան պողոտաները: Այսօր եւս ցուցարարենը փակում են Երեւանի կենտրոնական փողոցները: