Ռուսաստանը հիասթափված է Լոնդոնի կողմից Մոսկվայի դեմ կիբերալրտեսության համար հրապարակային եւ անհիմն մեղադրանքներից: Այս մասին հայտարարել է Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք այս մեղադրանքներն ու շահարկումները Ռուսաստանի հանդեպ անխոհեմ, սադրիչ եւ անհիմն քաղաքականության վառ օրինակներ ենք համարում: Մենք հիասթափված ենք, որ նման լուրջ մեղադրանքները հրապարակավ են արվել՝ առանց որեւէ ապացույցի»,- հայտարարել է ռուսական դիվանագիտական առաքելությունը:

«Վերջին օրերին բրիտանական ԶԼՄ-ները՝ պաշտոնական հայտարարություններով հրահրված, կրկին դիմել են Ռուսաստանից կողմից կիբերհարձակումների թեմային: Այնպիսի տպավորություն է, որ բրիտանական հանրությունը պատրաստվում է Մեծ Բրիտանիայի կողմից զանգվածային կիբերհարձակման Ռուսաստանի դեմ»,- նշել են դեսպանատանը:

«Ռուսաստանը չի նախատեսում որեւէ կիբերհարձակում իրականացնել Մեծ Բրիտանիայի դեմ: Մենք ակնկալում ենք, որ բրիտանական կառավարությունը նույնը կհայտարարի», - ավելացրել են դեսպանատանը:

Բրիտանական կառավարության մամուլի խոսնակը, մեկնաբանելով Լոնդոնի եւ Վաշինգտոնի պնդումներն առ այն, որ ռուս հաքերները հարձակվում են պետական գերատեսչությունների, ընկերությունների ցանցերի եւ ենթակառուցվածքների օբյեկտների վրա ամբողջ աշխարհով մեկ, հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին կիբերլրտեսության եւ միջազգային իրավունքի անտեսման համար: