Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին քաղաքական բարեփոխումների շարքում առաձնահատուկ տեղ ունեն կառավարման համակարգի բարեփոխումները, կիսանախագահականից խորհրդարանական կառավարման համակարգի անցումը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստում վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին ներկայացնելիս նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նշենք, որ ԱԺ-ում գրանցվել է 91 պատգամավոր:

Նա նախ շնորհակալություն հայտնեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին՝ իր պարտականությունները պատշաճ իրականացնելու եւ այն դրական ցուցանիշների համար, որ գրանցել է Հայաստանի տնտեսություն իր վարչապետության ընթացքում:

«Նախկինում եւս ԱԺ-ն վարչապետի ընտրության հարցում դեր ունեցել է, բայց առաջին անգամ է, որ ԱԺ-ն ընտրելու է վարչապետ: Այսուհետ կառավարությունն է միակ մարմինը, որ իրականացնելու է ներքին ու արտաքին քաղաքականությունը, ընդհանուր կառավարումը: Զինված ուժերը եւս լինելու են կառավարության ներքո, իսկ պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարի դերը ստանձնելու է վարչապետը»,-ասաց Բաղդասրյանը:

Նրա խոսքով, թշնամիներով շրջապատված մեր հայրենիքը կարիք ունի այնպիսի առաջնորդի, ով իր սեփական օրինակով է ապացուցել երկրի անվտանգության երաշխավոր լինելը. մարդ, ով իր վարած քաղաքականությամբ, իր ճշգրիտ քայլերով կարողանում է կառավարման մեծ թիմ առաջնորդել եւ դիմագրավել մարտահրավերներին:

«Երկրի համար կարեւոր տարիներին, երբ կարծես պատերազմն ավարտվել էր, այդ դժվարին ժամանակ Սերժ Սարգսյանը ստանձնեց բանակի ղեկավարությունը: Նրա համար անվտանգությունն ու պաշտպանությունը եղել է առաջնային: Նա այն անհատներից, է ով նվիրվել է հայրենիքին, անվտանգության ապահովմանը, առաջընթացին ու զարգացմանը: Զբաղեցրել է նաեւ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարի պաշտոնները, եղել է ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:

2007-ին նա ստանձնեց վարչապետի պաշտոնը, դա տնտեսական թռիչքի տարի էր, տնտեսական ցուցանիշներին նոր որակ եւ հետագա տարիների համար նշաձող սահմանող տարի էր:

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանը բախվեց շատ փորձությունների՝ միջազգային տնտեսական ճգնաժամ, ներքին քաղաքականությունը խարխլելու փորձերը, ապրիլյան պատերազմը եւ այլն: Այս մարտահրավերները հաղթահարելու գործը ծանրացել էր հենց նախագահի ուսերին: Իհարկե, եղել են մարդիկ, որ պատեհ-անպատեհ քննադատել են նրա վարած քաղաքականությունը, նրա անձը, սակայն ժամանակն ապացուցեց այդ քննադատությունների հիմնազուրկ լինելը թե ներքին, թե արտաքին քաղաքականության ոլորտում:

Մենք ցանկանում ենք երկրի ղեկին տեսնել հենց նման մարդու»,-ընդգծեց վահրամ Բաղդասարյանը:

ԱԺ-ում նրան հարցեր ոչ ոք չտվեց, խոսքը փոխանցվեց Սերժ Սարգսյանին:

Ընթանում է ԱԺ հատուկ նիստը. օրակարգի միակ հարցը վարչապետի ընտրությունն է (ուղիղ)