Ցուցարարները «Քայլ արա» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը այս պահին շրջափակել են ՊԵԿ-ի, գլխավոր դատախազության շենքերն ու շուրջ մեկ տասնյակ պետական այլ հաստատություններ՝ կաթվածահար անելով այդ կառույցների աշխատանքը:

Հազարավոր ցուցարարները շարժվում են կենտրոնական փողոցներով՝ պետական այլ հաստատություններ շրջափակելու եւ նստացույցեր անելու համար:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ երկրում թավշյա հեղափոխություն է իրականացնելու: Նա բոլորին կոչ արեց դուրս գալ փողոց, շրջափակել կառավարական հաստատություններն ու նստացույցեր կազմակերպել:

Նշենք, որ Բաղրամյան պողոտայի սկզբնամասը ոստիկանները փշալարերով փակել են եւ ցուցարարներին թույլ չեն առաջ շարժվել: Այստեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայված:

Այսօր վաղ առավոտյան Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց, ինչպես նաեւ Հերացի-Կորյուն փողոցների խաչմերուկների մոտից ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ ցուցարարների: Ոստիկանության տվյալներով՝ բերման ենթարկվածների թիվը 29-ն է:

Իսկ նախօրեին Բաղրամյան պողոտայում բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանն անցել է փշալարերի վրայով, նրան հետեւել են այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարների դեմ: Բախումների հետեւանքով 46 անձ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, տեղափոխվել են հիվանդանոց:

Երեկ առավոտից ցուցարարները փակելով անցել են Երեւանի կենտրոնի մի շարք փողոցներով. այդ ընթացքում տարբեր խմբեր փակել են Մոսկովյան, Սարյան, Աբովյան, Կորյուն, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցները, Մաշտոց եւ Բաղրամյան պողոտաները: Այսօր եւս ցուցարարները փակում են Երեւանի կենտրոնական փողոցները: