Նիկոլ Փաշինյանը ցուցարարների ուղեկցությամբ շրջափակում է պետական հաստատությունների շենքերը՝ յուրաքանչյուրի մուտքի մոտ 10-15 ակտիվիստի թողնելով: Այս պահին Փաշինյանը նստել է Կենտրոնական բանկի շենքի մուտքի մոտ: Ցուցարարները վանկարկում են «Միացե՛ք»:

Այսօր Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ երկրում թավշյա հեղափոխություն է իրականացնելու՝ բոլորին կոչ անելով դուրս գալ փողոց, շրջափակել կառավարական հաստատություններն ու նստացույցեր կազմակերպել:

Դրանից հետո ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կենտրոնական փողոցներով շարժվեցին դեպի գլխավոր դատախազություն: Շենքի բոլոր հնարավոր մուտքերի մոտ ակցիայի մասնակիցներից մի քանի հոգի կանգնեցին: Հաջորդը արտաքին գործերի նախարարության շենքն էր, որի մուտքի մոտ նույնպես ցուցարարներ մնացին: ՊԵԿ-ի շենքի դռների մոտ նույնպես մարդիկ կանգնեցին՝ փակելով մուտքը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե շենքերից աշխատակիցները փորձեն դուրս գալ, ցուցարաները պետք է պառկեն դռների արանքում:

Ցուցարարներ կան նաեւ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, որտեղ ոստիկանները փշալարերով փակել են ճանապարհը եւ ցուցարարներին թույլ չեն տալիս շարժվել դեպի Ազգային ժողով: Այստեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայված: Ակտիվիստներ են մնացել նաեւ Ֆրանսիայի հրապարակում, որն այս օրերին ցուցարարների «կենտրոնակայանն» է:

Այսօր վաղ առավոտյան Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց, ինչպես նաեւ Հերացի-Կորյուն փողոցների խաչմերուկների մոտից ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ ցուցարարների: Ոստիկանության տվյալներով՝ բերման ենթարկվածների թիվը 59-ն է:

Իսկ նախօրեին Բաղրամյան պողոտայում բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանն անցել է փշալարերի վրայով, նրան հետեւել են այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարների դեմ: Բախումների հետեւանքով 46 անձ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, տեղափոխվել են հիվանդանոց: