Մենք միասին փոխել ենք հին կարգերը, սակայն դա անհրաժեշտ է, բայց ոչ բավարար։ Այդ մասին Ազգային ժողովում վարչապետի թեկնածության քննարկման ժամանակ ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Ըստ Ռուստամյանի, Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու իրենց որոշումը հիմնավորվել է ոչ միայն նրանով, որ դրա համար կան բոլոր հիմքերը՝ պայմանավորված ընտրություններում ՀՀԿ արձանագրված արդյունքներով։ «Այլեւ նրանով, որ մենք միասին անցել ենք հուսադրող եւ բախտորոշ մի ճանապարհ, ստանձնել ենք Հայաստանի եւ հայության բարեկեցիկ ապագան կերտելու պարտավորությունը»,- ասել է Ռուստամյանը եւ հիշատակել Սերժ Սարգսյանի մի քանի հաջողություններ. «Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը, արցախյան հիմնախնդրի լուծմանն ուղղված հայանպաստ բանակցությունների իրականացումը։ Մենք պարտավոր ենք չթերագնահատել առաջընթացի մեր ճանապարհին առկա խոչընդոտներն ու վտանգները»։

Ըստ ՀՅԴ-ականի, օրվա խնդիրն է չեզոքացնել բոլոր մտահոգությունները, որոնք բխում են հասարակության մեջ ձեւավորված կարծրատիպերից։ «Կարծրատիպեր, որոնցից առաջացած դժգոհությունները փորձելու են օգտագործել քաղաքական հակառակորդները։ Այս գործընթացը վարկաբեկելու ամենատարածված մեկնաբանումը «Միեւնույն է, ոչինչ չի փոխվելու» մտայնությունը։ Այս կարծրատիպից ձերբազատվելը մեր հիմնական պարտահրավերն է»,- նշել է Ռուստամյանը եւ հավելել. «Երկիրը երկար տարիներ ունեցել անձնակենտրոն ղեկավարում եւ դառը փորձ է կուտակել։ Մենք այս պատճառն ենք վերացրել, բայց մարդիկ սա կգնահատեն, երբ դրական արդյունքները տեսնեն։ Մարդկանց հետապնդող բացասական հետեւանքները հիմնականում հոռի բարքերն են, խնամի-ծանոթ հարաբերությունները։ Սրա վերջը պիտի տրվի։

Մենք միասին փոխել ենք հին կարգերը, սակայն դա անհրաժեշտ է, բայց ոչ բավարար։ Նոր կարգերը պիտի օր առաջ կարգի կոչել»։