Հանրապետության նախկին նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Նրա օգտին է քվեարկել 77 պատգամավոր, դեմ՝ 18-ը:

Քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորեց նորընտիր վարչապետին. «Մեծարգո պարոն Սարգսյան, մեծարգո պարոն վարչապետ, շնորհավորում եմ Ձեզ նոր կառավարության, նոր համակարգի վարչապետ ընտրվելու կապակցությամբ»:

Նշենք, որ Սերժ Սարգսյանին առաջադրել էին ՀՀԿ եւ ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունները: 

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ առաջին անգամ վարչապետին խորհրդարանն է ընտրում:

Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ 15-օրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը 5-օրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում եւ որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով:

Նշենք, որ նոր օրենսդրական կարգավորումների համաձայն՝ կառավարությունը բաղկացած կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետից եւ 17 նախարարներից։ Ներկայում նախարարների թիվը 18-ն է. կրճատվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը։

Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են կառավարության անդամների առնվազն երկու երրորդը։ Լիազորությունները ստանձնած կառավարության անդամները երդվելու են ՀՀ նախագահի ներկայությամբ՝ նրա նստավայրում։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին ավարտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը եւ նույն օրը ԱԺ հատուկ նիստում Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը ստանձնեց ՀՀ նախագահի լիազորությունները: Նույն օրը կառավարությունը հրաժարական ներկայացրեց: