Վաղը մեր գործողությունները պիտի շարունակվեն նույն տրամաբանությամբ։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, պետք է շրջափակեն գերատեսչական շենքերը, ճանապարհները, մայրուղիները։

«Ես չեմ ուզում ասել, թե դա ինչպես է պետք անել, որովհետեւ ցույց տվեցիք, որ հերոս ժողովուրդ եք, ձեր առաջ ՀՀ-ում փակ տարածքներ չեն կարող»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ գործողությունները սկսելու են առավոտյան ժամը 10-ից։ «Փորձը ցույց է տալիս, որ մենք բոլորս արթնանում ենք ուշ։ Սպասելու եմ ձեզ Ֆրանսիայի հրապարակում, որտեղից գործողությունները սկսկվեն եւ կեզրափակցվեն Հանրապետության հրապարակում։ Մեր ցանցային մարտավարությունը շատ կարեւոր է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նաեւ նշել է, որ այլեւս կարիք չունեն պահելու Ֆրանսիայի հրապարակը։ «Ինչ կարիք ունենք քնելու Ֆրանսիայի հրապարակում, եթե բոլոր հրապարակները մերն են։ Մենք վերցրել ենք Հանրապետության հրապարակը»,- նշել է նա։

Փաշինյանը կոչով դիմել է Սերժ Թանկյանին, Արսինե Խանջյանին, Շառլ Ազնավուրին, որ գան եւ միանան հրապարակում հավաքված ժողովրդին։

Փաշինյանը նշել է, որ ստեղծելու են հեղափոխական կոմիտե, որը համակարգելու է բոլոր գործողությունները, իսկ վաղվանից սկսելու են գործողությունների երրորդ փուլը. «Վաղը պիտի կաթվածահար լինի ամբողջ Երեւան քաղաքը՝ 9-րդ մասիվից մինչեւ 3-րդ գյուղ»։ Իսկ հանրահավաքից հետո երթ է մեկնարկելու։