Հայաստանը քաղաքացիական զարթոնք է ապրում, եւ մեր խնդիրն է այդ զարթոնքը վերածել կոնկրետ արդյունքի։ Այդ մասին հանրահավաքից հետո NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նա նաեւ նշել է, թե իրենց կողմնակիցներից որեւէ մեկին Բաղրամյան պողոտա չեն ուղարկել։ «Դրանք Շմայսի բրիգադի ներկայացուցիչներն են, ովքեր հնդկական կինո են նկարում Բաղրամյան պողոտայում։ Այսօր մեր կողմնակիցները ականատես են եղել, թե ինչպես են քաղաքացիական հագուստով անձինք Շմայսի կողմից հրահանգավորվում եւ մուտք գործում հանրահավաքի մասնակիցների մեջ»,- ասել է Փաշինյանը։

Խոսելով վաղվա անելիքների մասին՝ Փաշինյանը նշել է, թե հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում։ «Քաղաքացիներին կոչ եմ անում, որ եթե շուտ գան ինձնից, հանկարծ սադրանքների վտանգի տակ չընկնեն, զբոսնեն, որ երբ գամ, մենք ավելի կազմակերպված լինենք»,- ասել է նա։