ՀՀ ոստիկանության բազմաթիվ հայտարարություններից եւ նախազգուշացումներից հետո հավաքի կազմակերպիչները շարունակում են հակաիրավական գործողությունները: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

Հայտարարությունում ասվում է.

«2018թ. ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքի կողմնակիցները եւ մասնակիցները շարունակաբար իրենց գործողություններով խոչընդոտում են այլոց իրավունքների, ազատությունների իրացմանը, պետական մարմինների, կազմակերպությունների բնականոն գործունությանը:

Նմանատիպ բոլոր գործողությունների նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից մինչ օրս դրսեւորվել է հանդուրժողականություն՝ բազմաթիվ հայտարարություններով փորձելով կանխել հակաիրավական գործունեությունը:

Այդ հավաքներն արդեն իսկ ուղեկցվել են բազմաթիվ զանգվածային անկարգություններով, որոնց ընթացքում անձանց նկատմամբ բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով ու վնասելով վտանգվել է քաղաքացիների կյանքն ու առողջությունը, հասարակական անվտանգությունը:

16.04.2018թ. ՀՀ ոստիկանության կողմից «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով որոշում է կայացվել դադարեցնել հավաքը, եւ այդ մասին իրազեկվել է հավաքի կազմակերպիչը, ով արհամարհելով այն՝ շարունակում է հիշյալ որոշմանը չենթարկվելու կոչերը:

ՀՀ ոստիկանության բազմաթիվ հայտարարություններից եւ նախազգուշացումներից հետո հավաքի կազմակերպիչները շարունակում են հակաիրավական գործողությունները:

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչներին դադարեցնել ապօրինի գործողությունները, հակառակ դեպքում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող՝ հավաքը ցրելու համաչափ գործողությունների, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ իրավական ներգործության համաչափ միջոցների կիրառման բոլոր հետեւանքների պատասխանատվությունը ընկնում է կազմակերպիչների վրա»: