Լոնդոնը պատրաստ է ՀԳՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի թունավորման գործով պատասխանել Մոսկվայի բոլոր հարցերին: Այս մասին Քիմիական զենքի արգելման կազմակերպության ապրիլի 18-ի նիստում հայտարարել է ՔԶԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Պիտեր Ուիլսոնը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Մենք կպատասխանենք հնարվորինս արագ, դա տեղի կունենա 10 օրվա ընթացքում, ինչպես սահմանված է Քիմիական զենքի արգելման կոնվենցիայով»,- հայտնել է Ուիլսոնը:

Նա հիշեցրել է, որ ապրիլի 13-ին Ռուսաստանի Դաշնությունը Մեծ Բրիտանիային է փոխանցել հարցերի ցանկ եւ պնդել հրատապությունը՝ խնդրելով պատասխանել ապրիլի 17-ից ոչ ուշ»:

Մարտի 4-ին ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել էին բրիտանական Սոլսբերիում անհայտ նյութի ներգործությունից հետո:

Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանում հայտարարել էր, որ նրանք թունավորվել են Ռուսաստանում մշակված «Նովիչոկ» տիպի նյարդակաթվածահարող նյութով: Մոսկվայում այս մեղադրանքները հերքել էին: