Երեւանում այսօր՝ ապրիլի 18-ին բերման ենթարկված 84 քաղաքացիներից 30-ն ազատ է արձակվել: Այս մասին հայտնեցին ոստիկանությունից:

«Բերման ենթարկված 84 քաղաքացիներից 30-ի  նկատմամբ  հարուցվել է վարչական վարույթ եւ նրանք բաց են թողնվել, իսկ մնացած 54-ը հանցագործություն կատարելու կասկածանքով ներկայացվել են նախաքննություն իրականացնող մարմնին»,- հայտնեցին ոստիկանությունից:

Նշենք, որ բերման ենթարկվածների թվում կան նաեւ անչափահասներ, նրանցից մեկին Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքից 3 ժամ պահելուց հետո ազատ են արձակել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով: