Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը չի հաստատել Սոլսբերիում կազմակերպության փորձագետների հավաքած նմուշներում BZ նյութի առկայությունը: Այս մասին հայտարարել է ՔԶԱԿ-ի լաբորատորիայի ղեկավարը եւ Բրիտանիա այցելած տեխնիկական աջակցության խմբի ղեկավար Մարկ Մայքլ Բլումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«BZ նյութը, որի մասին հիշատակվում է հանրային հայտարարություններում, գտնվել էՔԶԱԿ-ի լաբորատորիայի պատրաստած ստուգողական նմուշներում՝ որակի վերահսկման կարգին համապատասխան,-նշել է նա: Դրանք ոչ մի ընդհանուր բան չեն ունեցել Սոլսբերիում ՔԶԱԿ-ի փորձագետների հավաքած նմուշների հետ»:

Ընդ որում ՔԶԱԿ-ի գլխավոր տնօրեն Ահմետ Ուզյումջուն կազմակերպության Գործադիր խորհրդի արտահերթ նիստին ասել է, որ կազմակերպությունը չի պատասխանելու այն հայտարարություններին, որոնցում նրա աշխատանքի մասին քննադատություն կա:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Սկրիպալների թունավորման ժամանակ օգտագորվել է BZ նյութ, որը եղել է ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի սպառազինություններում եւ ԽՍՀՄ-ն այն չի արտադրել: