Քիմիական թունավոր նյութերի, այդ թվում՝ «Նովիչոկի» մասին գիտական հրապարակումները սպառնալիքի տակ են դնում Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի նպատակները: Այս մասին նշված է ՔԶԱԿ գործադիր խորհրդի հերթական նիստում ՌԴ պատվիրակության ներկայացրած փաստաթղթում, փոխանցում է «Ինտերֆաքսը»: 

Ռուսաստանն առաջարկում է փոփոխություններ կատարել Քիմիական զենքի արգելման կոնվենցիայով քիմիական նյութերի ցանկում:

«Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի բարելավման միջոցառումների ընդունման նպատակով ՔԶԱԿ տեխնիկական քարտուղարության գլխավոր տնօրենը պետք է պատրաստի եւ առաջիկա գործադիր խորհրդի քննարկմանը ներկայացնի քիմիական նյութերի ցանկի մասին հավելվածում փոփոխությունների մշակման  որոշման նախագիծ Կոնվենցիայի XI հոդվածի 5-րդ պարագրաֆի համաձայն»,- նշված է փաստաթղթում:

Փաստաթղթի համաձայն՝ առաջարկը հիմնված է այն բանի վրա, որ քիմիական թունավոր նյութերի մասին վերջին 20 տարիներին հայտնված գիտական հրապարակումները, որոնց Արեւմուտքում տրվել է «Նովիչոկ» անունը, սպառնալիքի տակ են դնում Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի նպատակները:

ՔԶԱԿ գործադիր խորհրդի նիստը գումարվել է Լոնդոնի նախաձեռնությամբ եւ նվիրված է բրիտանական Սոլսբերիում ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման գործով կազմակերպության զեկույցի քննարկմանը: