«Իմ քայլը» նախաձեռնության երթն ավարտվել է Հանրապետության հրապարակում։ Երթի մասնակիցները վերադարձել են Բաղրամյան պողոտայից, երթով անցել կենտրոնի փողոցներով եւ հասել Հանրապետության հրապարակ։ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե այսօրվա գործողություններն ավարտվել են։ Նա կողմնակիցներին կոչ է արել գնալ տուն, պատրաստվել առավոտը սկսվելիք գործողություններին։ Փաշինյանը նաեւ կոչ է արել սադրանքների չտրվել։

Նշենք, որ երթի մասնակիցները հասել էին Բաղրամյան պողոտա, որտեղ ոստիկանական մեծ ուժեր էին կենտրոնացվել։ Երթի մասնակիցները ողջունել էին ոստիկաններին եւ հեռացել պողոտայից։

Իսկ վաղը հավաքվելու են առավոտյան, ժամը 8-ին, Հանրապետության հրապարակում, որ արգելափակեն կառավարական տարբեր շենքերի մուտքերը, որպեսզի աշխատողները չկարողանան ներս մտնել։ «Վաղը Սերժ Սարգսյանի առաջին նիստն է այն շենքում»,- հանրահավաքում ասել էր Փաշինյանը եւ ցույց տվել կառավարության շենքը։