«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները Հանրապոետության հրապարակում մոտեցան կառավարության շենքին, որտեղ ոստիկաններն արդեն կենդանի շղթա են կազմել:

Նախօրեին Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր Սերժ Սարգսյանի առաջին նիստն է կառավարության շենքում, ուստի իրենք առավոտից շրջափակելու են կառավարական շենքերը եւ թույլ չտան, որ մարդիկ ներս մտնեն: Ոստիկանները շղթա են կազմել նաեւ կառավարության մյուս մուտքերի մոտ:

Ցուցարարները շրջափակեցին Կառավարության 3 շենքի բոլոր մուտքերը, որտեղ գտնվում են մի շարք նախարարություններ:

Այստեղ է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով նշեց, որ եթե խոչընդոտեն մարդկանց ու մեքենաների մուտքը, գործ կունենան օրենքի հետ:

Ավելի վաղ  NEWS.am -ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում, արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ : Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով, ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով: