«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները երթով Արշակունյաց պողոտայից մտան «Սուրմալու» տոնավաճառ: Նրանք վանկարկում են «գործադուլ» (ֆոտոռեպորտաժ):

Փաշինյանը հայտարարեց, որ այնքան քիչ է առեւտուրը, որ առանց այդ էլ գործադուլի մեջ եք:

Այնուհետեւ ցուցարարները հասան «Փոթակ» տոնավաճառին, որի մուտքը ոստիկանները փակել էին, սակայն ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ճեղքեցին ոստիկանների շղթան եւ մոտեցան «Փեթակ»-ի շենքին: Ոստիկանները փակեցին տոնավաճառի դռները եւ կանգնեցին դրանց դիմաց:

Փաշինյանը տոնավաճառի աշխատակիցներին տեղեկացրեց, որ այսօր երեկոյան ժամը 19-ին հանրահավաք է տեղի ունենալու Հանրապետության հրապարակ: «Ես պահանջում եմ բացել դռները, ես մտնում եմ առեւտուր անելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ այսօր առավոտից ցուցարարները շրջափակել էին Կառավարության 3 մասնաշենքը: Ոստիկանները կարողացել էին բացել շենքի մուտքերը, այդ ընթացքում բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով: