Ոստիկանության Շենգավիթի բաժնում բերման ենթարկված 54 անձանցից 6-ն անչափահաս է, մեկն էլ ՌԴ քաղաքացի: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն  Մարուքյանը հավելելով, որ  բոլորի նկատմամբ վարչական արձանագրություն է կազմվել:

«Բերման ենթարկվածներից մեկը հայերենին չի տիրապետում, մեկն էլ ՌԴ քաղաքացի է, թարգմանիչ են արդեն հրավիրել: Ըստ պատմածների, բոլորը բերման են ենթարկվել ոստիկանության օրինական պահանջը չկատարելու կասկածանքով եւ բոլորի նկատմամբ վարչական արձանագրություններ են կազմվում, 3 ժամ անց բաց են թողնվում»,-ասաց պատգամավորը:

Նա հավելեց, որ խախտումով են քաղաքացիները բերման ենթարկվում. «Նրանց բերում են որպես մասնակից, ապա տեղում ծանուցվում են որպես վկա եւ սկսում են հարցաքննել, բայց ծանուցագիրը նախապես պետք է ուղարկեն, նոր կանչեն հարցաքննության: Այդ խախտումները արձանագրվում են»,- ասաց նա՝ նշելով, որ ներսում մոտ 6 փաստաբան կա, նաեւ ՄԻՊ-ի ներկայացուցիչ:

Բերման ենթարկվածներից  Բագրատ Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ ոստիկանները իրեն խաղաղ երթի ժամանակ են բերման ենթարկել, պատճառաբանություն չեն նշել, ասել են 2 ժամ կպահենք, բաց կթողնենք:

Բերման ենթարկված մեկ այլ քաղաքացի պատմեց, որ իրեն «Փեթակի» մոտից են բերման ենթարկել. «Ընկերոջս բերման ենթարկեցին, ես հետեւից գնացի, որ տեսնեի՝ ինչ է եղել, ինձ էլ բերեցին»:

Ժամը 13:30-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման են ենթարկվել 100 քաղաքացի:

Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր պետք է շրջափակեն նաեւ կառավարության եւ այլ կառավարական շենքեր: Այսօր Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կառավարության առաջին նիստի օրն է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով:

Ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է 100-ի. ոստիկանություն